«Ապագայի լուծումներ, արհեստական բանականության հզորացում, ինտեգրված զարգացում» խորագրով Օտար լեզուների համալսարանների համաշխարհային դաշինքի (ՕԼՀՀԴ) հինգերորդ նախագահների համաժողովը, որը կազմակերպվել էր Պեկինի օտար լեզուների համալսարանի (ՊՕԼՀ) նախաձեռնությամբ և հյուրընկալվել Ճըծյանի օտար լեզուների համալսարանի կողմից, տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին Հանճոու քաղաքում։

Համաժողովին մասնակցեցին դաշինքի 24 անդամ համալսարանների ղեկավարներ, ինչպես նաև ավելի քան 170 միջազգային փորձագետներ ու գիտնականներ՝ ներկայացնելով աշխարհի 60-ից ավելի համալսարաններ և գիտական հաստատություններ։
Համաժողովի ընթացքում Չինաստանի կրթության միջազգային փոխանակման ասոցիացիայի նախագահ, Արևմուտքից վերադարձած գիտնականների ասոցիացիայի փոխնախագահ և Չինաստանի նախկին կրթության փոխնախարար Լյու Լիմինը ընդգծեց օրատ լեզուների համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Նա շեշտեց թվային տեխնոլոգիաների «խելացի» և «ներառական» առավելությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ խթանելու առաջատար տեխնոլոգիաների և օտար լեզվի կրթության խորքային ինտեգրումը։
Իր խոսքում Օտար լեզուների համալսարանների համաշխարհային դաշինքի նախագահ, Պեկինի օտար լեզուների համալսարանի ռեկտոր և կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղարի տեղակալ Ծյա Վենծիանը ներկայացրեց ապագային ուղղված մի շարք առաջարկություններ՝
·խորացնել լեզվի կրթության մեջ թվային բանականության ինտեգրումը,
·խթանել գիտական և մասնագիտական ոլորտների միջառարկայական միավորումը,
·և ուժեղացնել ռեսուրսների համատեղ օգտագործումը դաշինքի զարգացման շրջանակներում։
ՕԼՀՀԴ-ի վարչության անդամ և Ճըծյանի օտար լեզուների համալսարանի ռեկտոր Ճան Հուանճոուն նշեց, որ համաժողովը ստեղծել է փոխանակման հարթակ՝ դաշինքի անդամների միջև միջմշակութային կրթական համայնքի շրջանակներում։
Համաժողովի ընթացքում հրապարակվեց «Լեզվական կրթության և հետազոտության նորարարական համագործակցային առաջխաղացման նախաձեռնությունը թվային բանականության դարաշրջանում» կոչվող փաստաթուղթը, որով դաշինքի անդամ համալսարանները կոչ են անում համատեղ մշակել թվայնացված կրթության և ուսուցման նոր մոտեցումներ, ուսումնասիրել լեզվական կրթության համաշխարհային նոր ուղիներ, ստեղծել գիտելիքի նորարարության համաշխարհային կենտրոններ և կառուցել բազմաբնույթ շահառուների մասնակցությամբ նոր կրթական էկոհամակարգ։
Օտար լեզուների համալսարանների համաշխարհային դաշինքը հիմնադրվել է 2015 թվականին Պեկինի օտար լեզուների համալսարանի նախաձեռնությամբ և ներկայումս ներառում է 20 երկրների 39 համալսարան, որոնք առանձնանում են օտար լեզվի ուսուցման և տարածաշրջանային հետազոտությունների ոլորտներում։